Կատեգորիկ դեմ եմ եղել 2015 թվականի խմբագրմամբ ՀՀ Սահմանադրության ընդունմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը գրում է․

«Կատեգորիկ դեմ եմ եղել 2015 թվականի խմբագրմամբ ՀՀ Սահմանադրության ընդունմանը` կառավարման նախագահական համակարգից իբրև թե «խորհրդարանականի» անցնելու պատճառով։ Մեր հետագա խայտառակ ձախողումները մեծապես պայմանավորված էին հենց այս արկածախնդիր, անհաշվենկատ, իր բնույթով «քյանդրբազային» քայլով, և դրա ամբողջական պատասխանատվությունը, իհարկե, Սերժ Սարգսյանինն է։

Նորահայտ «սահմանադրագետները», սակայն (որոնց զգալի հատվածին իրեն հարգող անգամ սրճարանի դռնից ներս չէին թողնի՝ ֆեյսկոնտրոլը չանցնելու պատրվակով) կարծես պաշտպանելու են պետեկանաքանդ այս մոտեցումը։ Եվ ուրեմն մենք երաշխավորված չենք հետագա արհավիրքներից։

2015 թվականի Սահմանադրության մեջ կա այնուամենայնիվ մի հոդված, որի նկատմամբ անհրաժեշտ եմ համարում սևեռել հանրության ուշադրությունը. դա 38֊րդ հոդվածն է, որում երաշխավորված է համալսարանների ինքնավարությունը, ակադեմիական և հետազոտական ազատությունները։ Այս հոդվածը որոշ չափով մեղմում է իմ բացասական վերաբերմունքը գործող Սահմանադրության տեքստի և իմաստի նկատմամբ։

Մենք ազգովի պիտի հասկանանք ու ընկալենք, որ ազատ, ինքնակառավարվող, ինքնատիպ, իրական գիտական և հանրային լիդերների կողմից ղեկավարվող համալսարանները Պետության և Քաղաքացիական հասարակության հիմնաքարերից են։ Եվ դրանք խարխլելը (ինչին լծված են եղել ՀՀ բոլոր իշխանությունները, ներառյալ` այժմեանը) կործանարար պետաքանդություն է։

Ճանաչենք և Մեծարենք իրական Արժեքները։

Շնորհավոր Սահմանադրության Օր!»։

--00—ԼՄ