ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Երևանի ավագանու հաջորդ նիստին՝ սեպտեմբերի 13-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Տիգրան Ավինյանը կներկայանա որպես Երևանի քաղաքապետի տեղակալի թեկնածու: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Հարցին, թե ի՞նչ տրամադրվածություն կա խմբակցություններում, Խաժակյանը նշեց, որ տրամադրվածությունը դրական է, քանի որ ՔՊ-ն քաղաքապետարանում մեծամասնություն է կազմում, իսկ Տիգրան Ավինյանը ՔՊ վարչության անդամ է, սակայն մյուս խմբակցությունների արձագանքները ևս դրական են:
Պատասխանելով հարցին, թե մամուլում տեղեկություններ կան, որ 2023 թվականին սպասվող քաղաքապետի ընտրություններին առաջադրվելու եք որպես թեկնածու, Խաժակյանը նշեց, որ ԼՀԿ կուսակցությունը որոշում ունի մասնակցել քաղաքապետի ընտրություններին և առաջադրվելու է իր թեկնածությունը:
Նրա խոսքով՝ հինգ տարիների ընթացքում, որպես ավագանու անդամ, աշխատել է անձնվիրաբար: «Ավագանու անդամը չի վարձատրվում ինչպես պատգամավորները․ ես ունեմ մասնավոր աշխատանք և աշխատում եմ նաև ավագանիում: Քաղաքի կառավարման մեջ ես իմ ներդրումը կատարել եմ և պատրաստ եմ շարունակել, եթե մեր քաղաքացիները դա տեսնում և գնահատում են, հույս ունեմ՝ իմ շանսերը բարձր կլինեն»,- ավելացրեց նա:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ