ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Հայաստանի իշխանությունների կողմից փորձ էր արվում, ամենայն հավանականությամբ, արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածություններով հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող աշխատանքային խմբեր, իսկ Ռուսաստանը երեկ արդեն իսկ դրան արձագանքեց։ Այս մասին 24News-ին ասաց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ, 1993-2000 թթ․ ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության բաժնի պետի տեղակալ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությանը։
Այսօր ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 18-րդ նիստում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդների օգտագործման հնարավորությունը։ «Քննարկվում է ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության տեղակայման հնարավորությունը, որը նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակ ունի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների համաձայնություններն իրականացնելու, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ, ընդհանուր առմամբ, կարգավորման համար։ Քննարկվում են Բաքվի եւ Երևանի հարաբերությունները, նաև համապատասխան համաձայնագրի ստորագրումը», - ասել էր Լավրովը։
Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքերով՝ ՌԴ-ն կտրուկ դեմ է ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի դիտորդական խմբերի տեղակայմանը, դրան երեկ արձագանքել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, այսօր էլ առարկայական հայտարարություն արեց նախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե ՄԱԿ-ի դրոշի ներքո, միջազգային մանդատով են գալիս, ԱՄՆ-ի ազդեցությունը խիստ էական է այդ կարգի դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի վրա։ Հաշվի առնելով ՌԴ-ԱՄՆ հակամարտությունը, որը ռազմական տեսք ունի Ուկրաինայում, Ռուսաստանին ձեռք չի տալիս, որովհետև դիտորդական առաքելությունը կարող է հետո վերափոխվել խաղաղապահ զորքերով, և, մեծ հաշվով, ինչու չէ՝ նաև մոտ ապագայում ՆԱՏՕ-ի զորքերով։ Ռուսաստանն ասում է, որ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածություններն իր միջնորդությամբ և վերահսկողությամբ պետք է իրականացվեն», - ընդգծեց Նահապետյանը։
Նահապետյանը վստահ է, որ Իրանի համար ավելի ընդունելի կլինի ՀԱՊԿ-ի, քան ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը։ «Իրանն այսօր տեսական և գործնական հակառակորդներ դիտարկում է որոշ երկրների, որոնք ՆԱՏՕ-ի անդամ են, ներառյալ՝ ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից Իսրայելը։ Եվ, իհարկե, Իրանը չէր ցանկանա, որ հայ-իրանական սահմանում այդ երկրների դիտորդները կամ խաղաղապահ ստորաբաժանումները, զորքերը տեղակայվեն», - եզրափակեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետը։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ