ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Պատմաբան Ռուբեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Վանո Սիրադեղյանի մասին։
«Կշռաչափը
֊ Ի՞նչի։
֊ Անկախության, պետության, գրականության, տաղանդի, տղամարդկության, ուժի, սկզբունքայնության, շիտակության, ինքնատիպության...
Բնորոշողը
֊ Ում։
֊ Հայաստանի անցյալի, ներկայի ու հատկապես ապագայի։
Մարգարեականը
֊ Ի՞նչի և ո՞ւմ։
֊ Ժամանակի ու մարդու, հայկականության և հայի, աշխարհի, հարևանների ու հայերի։
Որովհետև պիտի էգոիզմից զտված լինես ու պռատ բաներից զատված, որ գաս ու այսպես գրես, գործես, խոսես ու հեռանաս` քեզ դժվարության մեջ դնելով, բայց ասածիցդ ու արածիցդ երբեք չհրաժարվելով։
Վազգենի ասած «անտրամաբանական սիրո և անտրամաբանական ատելության» մեր այս հայրենիքում Վանոն մնաց այն մենակը, ով իր ամբողջականությունը պահեց անխախտ և անենթակա բեկբեկվող տարիների և տրոհող իրադարձությունների հորձանուտում։
Նրա խաղից դուրս գալը կանխորոշեց պետության վերջի սկիզբը։
Եվ ելքի դուռն էլ իր ձեռքով է բացվելու ու վերականգման հիմքերում էլ նրա կյանք֊գործ֊մատենաշարը պետք է շաղախված լինի, որ գոնե մի անգամ ու առաջին և վերջին անգամ մեր ընթացքը անվրեպ ճշտությամբ լինի, անսայթաք կերպով առաջանա, սթափվածությունը չկաղա, սխալները չկրկնվեն և նպատակը իրականություն դարձած հաստատուն մնա։
Երբ որ Վանոյին կընդունենք ի գիտություն` մեր և սերունդների համար...
--00—ԼՄ