Ավազակային հարձակում՝ Երևանում․ տուժողին պահել են նկուղում ու հափշտակել մոտ 1 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

11f21ad0d51f9d0bbef2266469600192.jpg



Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ավազակային հարձակման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։



Ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանք քաղաքի Նոր Արեշ 22 փողոցի տներից մեկի բնակիչ 75-ամյա Էդիկ Ա․-ի կողմից, ով հայտնել է, որ իր տան վրա հարձակվել են, կոտրել են տան դուռը, մտել տուն, դարակից վերցրել այնտեղ եղած գումարը, ապա «սկոճով» կապել են իր բերանը, իջեցրել նկուղ և ստիպել, որ տանը եղած մնացած գումարի տեղը հայտնի։



Արդեն տեղում Էդիկ Ա-ն ոստիկաններին հայտնել է, որ իր տուն մտած անձը ձեռքին ունեցել է դանակ և իր նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով իրենից հափշտակել է 800 հազարից 1 միլիոն ՀՀ դրամ գումար, պատճառելով նաև գույքային վնաս։ Նա հայտնել է, որ հանցագործը եղել է դիմակավորված։ Ու երբ իրեն իջեցրել է նկուղ, մի քանի անգամ հարվածներ է հասցրել իրեն։



Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավազակային հարձակում հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։



Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան,  հանցագործության գործիք-դանակն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։



--00—ԶՀ