ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի տիրապետության տակ մնացած ՀԷԿ-երի սեփականատերերի վարկային պարտավորությունները պետության կողմից կատարվելու թեմայի շուրջ հանրային ուշադրությունը, Արցախի Հանրապետության դատախազությունը որոշակի ուսումնասիրություններ է իրականացրել այդ ուղղությամբ: Այս մասին Արցախի Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, փոխանցում է «Artsakhpress.am»-ը։
«Ինչպես հայտնի է պատերազմից հետո մի շարք ՀԷԿ-եր մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Հաշվի առնելով, որ դրանք հիմնականում ֆինանսավորվել են վարկային կազմակերպությունների կողմից և բավականին մեծ գումարների մասին է խոսքը, որոշակի խնդիր առաջացավ բանկային համակարգի կայունության, անխափան գործունեության հետ կապված, ինչպես նաև իրավական խնդիրներ ՀՀ-ի հետ:
Ի վերջո, Արցախի Հանրապետության կառավարությունը որոշեց իր վրա վերցնել վարկերի այդ պարտավորությունների ֆինանսական ծանրաբեռնվածությունը:
Ըստ էության, տեխնիկական առումով սա կատարվեց Արցախի Հանրապետության պետական մարմինների միջոցով, բայց ֆինանսական միջոցներն արդեն ուղղվեցին վարկային կազմակերպություններում պարտավորությունների մարմանը: Այդուհանդերձ, տնտեսվարող սուբյեկտների կողմից այդ պարտավորությունը չդադարեց. այն ուղղվեց Արցախի ներդրումային հիմնադրամին:
Իհարկե, կարող ենք ասել, որ սա ձևական բնույթ է կրում, որովհետև գրավի առարկան պահպանված կամ մեր տիրապետության տակ չէ և չկան ֆինանսական միջոցներ տվյալ տնտեսվարող սուբյեկտի մոտ, հետևաբար հիմնադրամին ուղղված այդ պարտավորությունը կմնա անկատար:
Բայց մյուս կողմից մենք նաև ունեցանք հանրայնացված դեպքեր կամ հասարակության մեջ շրջանառվող տեղեկություններ, ըստ որի՝ որոշ տնտեսվարող սուբյեկտներ կարողացել են հանել գրավի առարկա հանդիսացող շարժական գույքի մի մասը:
Դրանց առնչությամբ առաջիկայում իրավապահ մարմինները պետք է սկսեն օպերատիվ- հետախուզական միջոցներ ձեռնարկել՝ այդ տեղեկությունների իսկությունը հաստատելու կամ բացահայտելու:
Ի վերջո, խոսքը վերաբերում է հարյուրավոր միլիոնի հասնող արժեք ունեցող շարժական գույքի, որը ենթադրաբար դուրս է բերվել: Առաջիկայում, իրավապահ մարմինների կողմից բացահայտվելուց հետո, մենք կունենանք հնարավորություն Արցախի ներդրումային հիմնադրամին ուղղել նման չափի գումար»,-մանրամասնել է Գլխավոր դատախազը՝ նկատելով, որ չնայած շատ է խոսվում նաև նման տեղեկությունների մասին, սակայն զարմանալին այն է, որ որևէ մեկի կողմից նման դեպքի մասին հաղորդում չի ներկայացվել:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ