ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Ադրբեջանական մամուլը ցնծում է, որ իրենց «բնապահպանական» կոչված շրջափակումը արդյունք է տվել, և որ Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատեցին: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փաստեց, որ Ադրբեջանը կարող է նշանակումներ կատարել և մասնակցություն ունենալ Արցախի ներքաղաքական կյանքին: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու մասին Արայիկ Հարությունյանի հրամանագրին:
«Երկու ամսից ավելի է՝ Արցախը շրջափակված է, իսկ Արայիկ Հարությունյանը գլխիկոր կատարեց Ադրբեջանի պահանջը, նախագահի նման պահվածքը հուշում է, որ ընդունվել են Ադրբեջանի պահանջները՝ Արցախը ինտեգրել Ադրբեջանի կազմում: Արցախի միասնականությունը պառակտելու լավագույն ձևը Ռուբեն Վարդանյանից ազատվելն էր, քանի որ մարդիկ հավաքվել էին Վարդանյանի՝ չզիջելու և չհանձնվելու կոչերի շուրջ, նրանից ազատվելով՝ փորձում են ժողովրդի դիմադրողականությունը կոտրել»,-ավելացրեց պատգամավորը:
Անդրադառնալով Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, որ պատրաստ է ստանձնել պետնախարարի պաշտոնը, պատգամավորը նշեց, որ նրա կերպարը հանրության մոտ ընկալելի չէ, նրա ներկայացրած հայտերին մեծ նշանակություն չի տալիս. «Արցախը սկուտեղ կամ երազանքների կատարման տարածք չէ, որ ցանկացած մեկը գա և իրագործի, մենք տեսանք Արայիկ Հարությունյանն անդադար նոր նշանակումներ ու ազատումներ անելով ինչպիսի քաոս է ստեղծել Արցախում: Չգիտեմ՝ ինչ է ուզում Սամվել Բաբայանը Արցախում անել, բայց նա վաղուց արդեն հանրության լայն շրջանակներում չի ընկալվում, հարցազրույցի ժամանակ առաջ բերելով Նիկոլ Փաշինյանի թեզերը՝ վատ տրամադրվածություն է ստեղծել »:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ