ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը այսօր՝ մարտի 16-ին աշխատանքային այցով Ջերմուկում է։ Այցի շրջանակներում պն․ Տասմագամբետովի հետ, բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, այցելել ենք սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։
«Հանդիպման ընթացքում ներկայացվել է քաղաքի տնտեսությանը հասցված վնասը, նաև բնակիչների մոտ առաջացած բազմաթիվ սոցիալական ու հոգեբանական խնդիրները։ Նշվել է, որ ռազմական գործողությունների պահին Ջերմուկի առողջարաններում ու հյուրատներում բազմաթիվ զբոսաշրջիկներ են եղել, նաև որ ադրբեջանական ագրեսիայի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Շնորհակալություն եմ հայտնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին՝ մեր խաղաղ քաղաքի նկատմամբ իրականացված ռազմական գործողություններն ու դրանց հետևանքները ուշադրության կենտրոնում պահելու, նաև ցուցաբերած սրտացավ վերաբերմունքի համար»։
--00—ՅՄ