ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները վաղը կմասնակցեն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու դատախազության կողմից ներկայաված միջնորդագրի քննարկմանը։ Այս մասին 24News-ը տեղեկացավ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից:
Նշենք, որ նախորդ անգամ, երբ Գլխավոր դատախազը Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացնում, ընդդիմությունը բոյկոտել էր նիստը և չէր մասնակցում:
Հիշեցնենք՝ այսօր պարզ դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է հայցել խորհրդարանից։
Ըստ Քննչական կոմիտեի՝ մարտի 31-ին պատգամավորների մասնակցությամբ փակ աշխատանքային քննարկման ընթացքում ընդդիմադիր դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանը «անհիմն դիտողություն է կատարել» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել նրա ձախ հոնքին, որի հետևանքով իշխանական պատգամավորը վայր է ընկել։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ