ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
ԵՄ-ն ցավում է զինված բախումների համար, որոնք երեկ հայ-ադրբեջանական սահմանի Տեղի շրջանում հանգեցրել են հայ և ադրբեջանցի զինծառայողների զոհվելուն ու վիրավորվելուն։ Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության դեպքում պետք է հարգել 1991թ.-ի գիծը, և կողմերի ուժերը հետ պիտի քաշվեն այդ գծից անվտանգ հեռավորություններ՝ կանխելու նմանատիպ միջադեպերը: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Սաբինա Մասրալին, մեկնաբանելով երեկ Գորիսի շրջանի Տեղ գյուղի մերձակայքում տեղի ունեցած հայ-ադրբեջանական ընդհարումը։
«Նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, այդ թվում՝ 2022թ․ հոկտեմբերին Պրահայում ձեռք բերվածները՝ կապված 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի համաձայն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ:
ԵՄ-ն նաև կոչ է անում ակտիվացնել սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստ է աջակցել այդ գործընթացին։ Մենք կոչ ենք անում զսպվածության պահպանել և բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով։ ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում ամենաբարձր մակարդակով՝ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ»։
--00—ՅՄ