Բոլոր ծրագրերը կոչված են ապահովելու Երևանի անցումը կայուն քաղաքային տրանսպորտի համակարգին․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

e04fce13-56e1-464f-a176-62d76ea9f7b1.jpg

Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումներին առնչվող խնդիրներ են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով նոր բարեփոխմամբ իրականացվող նախագծերին՝ փոխքաղաքապետ Ավինյանը կարևորել է բրիտանական մասնավոր ընկերությունների մասնակցությունը համայնքի նախաձեռնած ծրագրերին:

«Բոլոր մեր ծրագրերը կոչված են ապահովելու Երևանի անցումը կայուն քաղաքային տրանսպորտի համակարգին և զրոյական արտանետումներով փոխադրամիջոցներին: Այս ամենին լիարժեքորեն հասնելու համար մենք սահմանել ենք հստակ մոտեցում, որով էլ շարժվում ենք առաջ. հանրային տրանսպորտը պետք է միշտ գերակա լինի և հանրային տրանսպորտի համար ավելի բարենպաստ պայմաններ պետք է ստեղծված լինեն քաղաքում»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:

Մասնավորապես, կարևորվել է բրիտանական արտադրության լիցքավորման ենթակառուցվածքների, տրանսպորտային շարժակազմի, կապիտալի և ֆինանսական միջոցների՝ Երևանի քաղաքապետարանի համար հասանելիությունը։ Միացյալ Թագավորություն-Հայաստան փորձի փոխանակման համար էլ նախանշվել է այնպիսի քաղաքականության մշակում, որն իր հերթին կնպաստի տրանսպորտային նոր ցանցի ու ենթակառուցվածքների լիարժեք տեղայնացմանը:

Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստկամության համար՝ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը նշել է, որ իր լիազորությունների չափով պատրաստ է աջակցել համայնքին՝ ինչպես ոլորտի հաջողված փորձագետների, այնպես էլ բրիտանական խոշոր ընկերությունների ներգրավման գործում:

Զրուցակիցները քննարկել են նաև Միացյալ Թագավորության արտահանման Ֆինանսավորման պետական գերատեսչության գործիքակազմը կիրառելու հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել գործակցության հնարավոր ոլորտները՝ համատեղ նախագծեր մշակելու նպատակով:

--00—ԶՀ