ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Օրերս Բյուրականի աստղադիտարանի և Միջազգային գիտական խորհրդի (ISC) Համաշխարհային տվյալների համակարգի միջև (WDS) կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Տեղեկանում ենք աստղադիտարանի մամուլի ծառայությունից։
Հուշագրի նպատակն է սահմանել այն պայմանները, որոնցով Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) միանում է Համաշխարհային տվյալների համակարգին՝ որպես գործակից անդամ: ԲԱ-ի նպատակն է նպաստել Համաշխարհային տվյալների համակարգին և համագործակցել նրանց ղեկավար մարմնի՝ Գիտական կոմիտեի (WDS-SC) հետ՝ ապահովելու որակյալ տվյալների և տվյալների համակարգերի երկարատև կառավարումն ու տրամադրումը միջազգային գիտական հանրությանը և այլ շահագրգիռ կողմերին:
Մասնավորապես, ԲԱ-ն ունի հսկայական տվյալների շտեմարան՝ Մարգարյանի շրջահայության շուրջ 40 մլն սպեկտրները, որոնք աշխարհում ամենամեծ թիվն են կազմում։ Այս շրջահայությունը 2011թ-ից ներգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստագրական արժեքների «Աշխարհի հիշողություն» միջազգային գրանցամատյանում։ ԲԱ-ն ունի նաև 1946-1991թթ․ տարբեր աստղադիտակներով (2․6մ, 1մ Շմիդտի համակարգի և այլ) դիտումների արդյունքների՝ լուսանկարչական թիթեղների և այլ կրիչների թվայնացված շտեմարան։
2005թ-ից գործում է Հայկական վիրտուալ աստղադիտարանը (ՀՎԱ, ArVO), որը նաև Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (ՎԱՄԱ, IVOA) լիիրավ անդամ է։
--00—ՍՊ