ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
Երեկ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված Նարեկ Բաղդասարյանը Կոտայքի մարզի Գառնի համայնքից էր:
Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ Նարեկի ծառայությանն ընդամենը 47 օր էր մնացել.«Շատ լավ, խելացի երիտասարդ էր, լավ ընտանիքի զավակ էր Նարեկը, իրենից մեծ 2 քույր ուներ, ինքը տան միակ տղա զավակն էր»,- ասաց համայնքի ղեկավարը:
Նարեկը միջնակարգ կրթությունը ստացել է Գառնիի Արթուր Հակոբյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել Ատոմի անվան հ. 2 ավագ դպրոցում:
Նարեկը տնտեսագետ դառնալու ցանկություն ուներ, նախքան ծառայության մեկնելն ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը:
6 ամիս ուսումնական ծառայություն է անցել Երևանում, այնուհետև որպես կապավոր տեղափոխվել է Սոթք:
Դպրոցի տնօրեն Հովհաննես Հարությունյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ Նարեկը երեք տարի է սովորել. «Չափից դուրս համեստ, լավ մարդ, հայրենասեր երիտասարդ էր:
Դպրոցն ավարտել է գերազանց առաջադիմությամբ: Հարգալից էր բոլորի հետ, թե´ ուսուցիչների, թե´ դասընկերների:
Բառեր չկա նկարագրելու իր մարդ տեսակը: Ամբողջ համայնքով խորը ցավ ենք ապրում»,- ասաց Հարությունյանը:
Մերի Մանուկյան
--00—ՍՊ