ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
Մայիսի 12-ին ադրբեջանական ագրեսիան սանձելիս զոհված 20-ամյա Նարեկը Կոտայքի մարզի Գառնի համայնքից էր: Նարեկը ժամկետային զինծառայող էր, երկու քույրերի միակ եղբայրը։
Այս տարի նա պիտի զորացրվեր։
Կոտայքի մարզպետը իր ցավակցությունն է հայտնել՝ նշելով, որ Նարեկին ճանաչում էր մանկուց․
«Թշնամու սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելիս նախօրեին զոհված զինծառայողը 2003 թվականին ծնված Նարեկ Նորայրի Բաղդասարյանն է՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքից։
Հարազատական ամենամոտ կապերն ունենալով՝ Նարեկին մանկուց եմ ճանաչել. անչափ զուսպ, համեստ հայրենասեր մեր տղա։
Անսահման մեծ է ցավի զգացումը, անդառնալի մեր զինվորի կորուստը։
Փա'ռք Նարեկին, համբերություն ընտանիքին ու մեզ բոլորիս։
Հավերժ խոնարհում հայրենիքի համար կյանքը տված մեր բոլոր հայորդիներին»։
Հիշեցնենք, ըստ Պաշտպանության նախարարության հաղորդագրության, մայիսի 12-ին` ժամը 10:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի ուշ՝ մայիսի 12-ի երեկոյան հակառակորդի կրակի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին ևս վտանգ չի սպառնում:
Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
--00—ՍՊ