ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
«Ապրելու երկիր» կուսակցության անդամները Հանրապետության օրվա առթիվ
ծաղիկներ են խոնարհել հայի արժանապատվությունը խորհրդանշող «Նեմեսիս»
հուշարձանին:
Օրվա առթիվ կուսակցության ուղերձում ասվում է. «Հայաստանի Առաջին Հանրապետության օրը խորհրդանշում է հայ ժողովրդի՝ պետականություն ստեղծելու և այն ամեն գնով պահպանելու ձգտումը։ 105 տարի առաջ պատմական տարածքի մի փոքր հատվածում հայ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը:
Առաջին հանրապետության հռչակումը դարավոր ընդմիջումից հետո հայկական պետությանշ վերականգնման սկիզբն էր, հայի՝ հայ մնալու աննկուն պայքարի բացառիկ օրինակ։
Մայիսի 28-ի հաղթանակը հասունացել էր դարերի ընթացքում` մեր ժողովրդի անհավասար պայքարի ու բազում զրկանքների արդյունքում։ Եվ, ի վերջո, այն ընտրեց ազատ ու արժանապատիվ ապրելը, քաղաքակրթությանը համընթաց քայլելը։
Այս օրը դարձավ մեր քաղաքական վերածննդի սկիզբը, և չնայած նրան, որ առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, այդուհանդերձ, այդ փուլը ուսանելի օրինակ դարձավ բոլորիս համար, սովորեցրեց, թե ինչպես դժվարագույն պայմաններում անգամ ինքնության կորուստը թույլ չտալ ոչ մի դեպքում:
Առաջին Հանրապետության հռչակմամբ հայ ժողովուրդն ապացուցեց, որ պետականությունը բարձրագույն արժեք է, որ հայ մարդը չի ընկրկում ոչ մի սպառնալիքի առջև։
Եվ այսօր էլ մեր յուրաքանչյուրիս պարտքը դառնում է նոր պայքարի ելնելն ու աննահանջ առաջ շարժվելը։ Որովհետև հենց սա է այսօրվա, այս օրը կերտած հերոսների ու հայրենիքի նվիրյալների պատգամը։
Հավերժ փառք ու խոնարհում բոլոր այն հայորդիներին, որոնք կերտեցին մայիսի 28-ը, որոնք մեզ ժառանգեցին Հանրապետություն»։
--00—ՅՄ