Իրանում Արաքս ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային գեոպարկի բացմանը նվիրված միջոցառում է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

իրան

Հունիսի 21-ին Արաքսի ազատ տնտեսական գոտու տնօրինության ջանքերով կայացավ հատուկ միջոցառում՝ Ջուլֆայի ամբողջ տարածաշրջանը Արաքս ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային բնության հատուկ պահպանության տարածք՝ գեոպարկ հռչակելու կապակցությամբ:

իրան

Հանդիսությանը ներկա էին ԻԻՀ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, պետական պաշտոնյաներ, Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը, Ատրպատականի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճյանը և այլոք։

Հանդիսությունից հետո բոլորը միասնաբար այցելեցին Արաքսի ափում գտնվող Հովվի վերանորոգված մատուռը, ապա բարձրացան Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկայի վանքը, որտեղ նրանց ընդունեց Ատրպատականի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճյանը։

Արաքս ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային գեոպարկը գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում։ Ոչ նյութական ժառանգությունից բացի, որը ներառում է տեղական ավանդույթներն ու արարողությունները, այն ուշագրավ մշակութային գանձերի տուն է: Այստեղ են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքը, նաև ազգային հուշարձաններ՝ Պատմական բաղնիքը, Զիա-օլ-Մոլկի կամուրջը և Չուպան եկեղեցին։ Արաքս գեոպարկն ունի նաև երկրաբանական հետաքրքիր առանձնահատկություններ և հարուստ ֆաունա՝ ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիներով՝ հայկական մուֆլոն, ազնվացեղ եղջերու և ընձառյուծ:

--00—ՍՊ