Աննա Վարդապետյանը և Իտալիայի վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24news

Screenshot_11

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Լուիջի Սալվատոյի գլխավորած պատվիրակությանը:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել իտալացի գործընկերոջը հրավերն ընդունելու և փոխըմբռնման հուշագիր ստորագրելու պատրաստակամության համար:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարևորել է Իտալիայի հետ համագործակցության և հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջև երկարատև բարեկամության վրա:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը և  Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Լուիջի Սալվատոն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ընդլայնել քրեական արդարադատության ոլորտում երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությունը ՝ միտված մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ապահովմանն ու օրենքի գերակայության ամրապնդմանը:

Աննա Վարդապետյանը հույս է հայտնել, որ Հուշագրով նախատեսված փորձի փոխանակման, փոխայցելությունների և համատեղ կոնֆերանսների կազմակերպումը կնպաստեն երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության հետագա ընդլայնմանն ու անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը՝ ի նպաստ հայ և իտալացի ժողովուրդների:

--00—ՅՄ