ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հուլիսի 4-ին նշվող ԱՄՆ Անկախության օրվա առթիվ։
«Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունները, որոնք դինամիկ կերպով զարգանում են բարեկամության և համագործակցության հիման վրա, մի շարք ոլորտներում բարձրացել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Համաշխարհային մարտահրավերների դեմ պայքարը, միջազգային ահաբեկչությունը, անվտանգության հարցերում մեր ակտիվ և արդյունավետ համատեղ աշխատանքը, տնտեսական ոլորտում լայն սպեկտրի համագործակցությունը մեր երկկողմ հարաբերությունները բնութագրող հիմնական գործոններն են։
Մենք գոհ ենք էներգետիկ ոլորտում մեր արդյունավետ համագործակցությունից։ Միացյալ Նահանգները բոլոր փուլերում ամուր և հետևողականորեն աջակցել է Ադրբեջանի էներգետիկ ռազմավարությանը։ Հատկապես բարձր ենք գնահատում մեր երկրների սերտ համագործակցությունը էներգետիկ անվտանգության ապահովման գործում, ԱՄՆ-ի համակողմանի աջակցությունը մեր կողմից իրականացվող լայնածավալ անդրազգային նախագծերում։
Այժմ բարենպաստ պայմաններ են ստեղծվել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար։ Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա հիմնված խաղաղության պայմանագրի պատրաստման գործընթացում»,- ուղերձում նշել է Ալիևը:
--00—ԶՀ