Որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել․ ԿԽՄԿ-ն արձագանքել է ադրբեջանական մեղադրանքներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news

1031258

«ԿԽՄԿ-ն տեղյակ է Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին և անընդունելի է համարում նման գործողությունները։ Հայտնում ենք, որ ԿԽՄԿ-ին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել։  Փոխադրվող ողջ բեռը ենթակա է մաքսային ստուգման Ադրբեջանի Հանրապետության կողմից։ Այս մասին հայտարարություն է տարածել ԿԽՄԿ-ն։

Ցավում ենք, որ առանց մեր իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա  ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։

Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից։

Լաչինի միջանցքի երկայնքով մեր աշխատանքը մշտապես և բացառապես մարդասիրական բնույթ ունի։ Կենսական նշանակության այդ աշխատանքի շրջանակներում ավելի քան 600 բուժառու է տեղափոխվել Հայաստան՝ անհետաձգելի բուժօգնություն ստանալու նպատակով, ինչպես նաև բժշկական պարագաներ, սնունդ, մանկական կեր և առաջնային նշանակության այլ իրեր են փոխանցվել տեղական բուժհիմնարկներ և ընտանիքների։

Շատ կարևոր է, որ այդ աշխատանքները շարունակվեն։ Մեր գործունեությունը մշտապես փոխհամաձայնեցվում է կողմերի հետ և հազարավոր մարդկանց կյանքի վրա կենսական ազդեցություն ունի»,- նշված է հաղորդագրությունում։

--00—ՅՄ