Բաքու-Ստեփանակերտ հանդիպում չի նախատեսվում. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

ԴՖ

Ես նման հանդիպման մասին տեղյակ չեմ, եթե նման առաջարկ լիներ, ապա տեղյակ կլինեի, զբաղվում եմ նաև արտաքին քաղաքական հարցերով։ Միգուցե որոշ խմբեր կուզենային նման հանդիպում լիներ, բայց նման բան չկա: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող ոչ պաշտոնական այն հայտարարությանը, որ առաջիկայում ԱՄՆ միջնորդությամբ Բուլղարիայում հնարավոր է տեղի ունենա Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն:

«Խնդիրն այն է, թե ում հետ գործ ունենք և ինչի է հանգեցնելու այդ հանդիպումը, իմ համոզմամբ, դա վիճակը ավելի է բարդացնելու: Ադրբեջանն այլ պատկերացումներ ունի, երբեմն չբանակցելն ավելի լավ է: Պատկերացրեք՝ գնում ենք և Ադրբեջանն իր ծավալապաշտական մոտեցումներն է ցուցաբերում, մեր դիտարկումներն էլ տարբերվում են, իրավիճակն ավելի է բարդանում և ճնշումներ են իրականացվելու»,- ավելացրեց Բաբայանը:

Դիտարկմանը, եթե անգամ ԱՄՆ-ն ներգրավված լինի, չե՞ք ցանկանա երկխոսել, Բաբայանը պատասխանեց, որ խնդիրը միջնորդության մեջ չէ. «Ադրբեջանը գալու է և ներկայացնելու է իր պահանջներն, ինչը մեզ համար անընդունելի է և էլ ավելի է իրավիճակը վատացնելու, բա որ այդ հանդիպմանը մի վերջնագիր ներկայացնեն, ի՞նչ ենք անելու: Նրանք երբեք չեն ցանկացել մեր ղեկավարների հետ երկխոսել, սա էքսպերիմենտների դաշտ չէ, պետք է դա հասկանանք, առանց այն էլ՝ ծայրահեղ իրավիճակ է»:

 

Հերմինե Մանուկյան

--00—ԱՊ