ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրներին առաջարկել է խզել դիվանագիտական հարաբերություններն այն պետությունների հետ, որոնցում կրկնվում են Ղուրանի պղծման ակցիաները։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«Առաջարկել եմ միջազգային քրեական պատասխանատվություն սահմանել այդ գործողությունների համար, ԻՀԿ-ի պատվիրակություններ ուղարկել այդ երկու երկրներ (խմբ․՝ Շվեդիա և Դանիա), խստորեն պատժել մեղավորներին, իսկ (ակցիաները) կրկնվելու դեպքում՝ իջեցնել դիվանագիտական հարաբերությունների (մակարդակը) կամ խզել դրանք, սահմանել ապրանքների գնման էմբարգո», - գրել է նախարարը Twitter-ում։
Հուլիսի 31-ին առցանց ձևաչափով կայացել է ԻՀԿ-ի երկրների արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստ՝ նվիրված Շվեդիայում և Դանիայում Ղուրանի այրման ակցիաներին։ Նստաշրջանի բացմանը կազմակերպության գլխավոր քարտուղար Հիսեյն Բրահիմ Թահան հիասթափություն է հայտնել, որ Ստոկհոլմը և Կոպենհագենը մինչև հիմա միջոցներ չեն ձեռնարկել Ղուրանի անարգման միջադեպերի կրկնությունը կանխելու համար և շարունակում են թույլ տալ նման գործողություններ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ