ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
Մենք բարձրացանք վերև և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպեցինք: Էլի, բնականաբար, եսիմ ինչեր չարեց, բայց զանգեց ԱԱԾ տնօրենին։ Մենք վաղը՝ ժամը 10:00-ին, հանդիպելու ենք Արմեն ԱԱԾ տնօրեն Աբազյանի հետ: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողի ծնող Կարինե Մանավազյանը:
«ԱԺ նախագահն անձամբ զանգեց և մեր ներկայությամբ խոսեց Արմեն Աբազյանի հետ, վերջինս վստահեցրեց, որ կընդունի ու կխոսենք»,- մանրամասնեց անհետ կորածի ծնողը:
Հանդիպումը մոտ 2 ժամ է տևել. «Շատ պատահական եղավ․ մենք ԱԺ ընդունարանում նստած էինք, զարմացանք, որ Ալեն Սիմոնյանը եկավ ու ասեց` բարձրանանք վերև, խոսենք: Բոլորին հատ-հատ լսեց, փառք Աստծո, չնայած որ սկզբից ժողովրդական լեզվով ասած` «գազ տվեց», հետո տեսավ չէ, մենք ավելի համառ ենք` սուս ու փուս լսեց մեզ»,- ներկայացրեց Կարինե Մանավազյանը:
Անհետ կորածների ծնողներից մեկն էլ ասաց, որ Ալեն Սիմոնյանն ասել է` «դուք մտածում եք՝ մենք գիտենք, չենք ասո՞ւմ որտեղ են ձեր երեխեքը»: Ծնողները նշել են, որ «այո´, դուք շատ լավ էլ գիտեք ուր են, Ալեն Սիմոնյանն էլ հակադարձել է՝ ասելով. «Էդ ընդդիմության լրագրողներից եք իմացե՞լ»:
Հիշեցնենք, որ այսօր անհետ կորածների ծնողները հավաքվել էին կառավարության դիմաց, այնուհետև որոշեցին գնալ ԱԺ և հանդիպել պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ, քանի որ նա է բազմաթիվ անգամներ խոստումներ տվել և չի իրականացրել:
Մերի Մանուկյան
--00—ԱՊ