ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Թռիչքներն արվում են բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքով, ոչ մի կանոնակարգ չի խախտվում, մեր մասով այսքանն է, մնացյալը դուրս է մեր տիրույթից: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի կոմիտեի խոսնակ Լիլիթ Աղաբեկյանը՝ անդրադառնալով այսօր Կապանի օդանավակայանի թիրախավորմանը Ադրբեջանի կողմից:
«Այն թռիչքների մասին տեղեկատվությունը, որոնք իրականացվում են 2 պետությունների սահմանագծին, տրամադրվում է հարևան պետությանն ի գիտություն, ինչն էլ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները մինչ այժմ արել են: Հայաստանի Հանրապետությունը գործում է ինքնիշխանության հայեցակարգին և քաղաքացիական ավիացիայի ոլորտի միջազգային օրենքներին համապատասխան, որոնցով քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն (ICAO) անդամակցող յուրաքանչյուր պետություն պարտավորվում է խստագույնս ղեկավարվել»,-մատնանշեց խոսնակը:
Նշենք` ինքնաթիռում եղել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը և այլք: Բոլորը շտապ տարհանվել են, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել:
Հիշեցնենք, որ օդանավակայանը շահագործելուց հետո սա թվով երկրորդ դեպքն է, երբ ադրբեջանական կողմը թիրախավորում է Կապանի օդանավակայանը:
Երեկ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վայրէջք կատարելուց հետո էր Ադրբեջանը կրակել օդանավակայանի ուղղությամբ:
Մերի Մանուկյան
--00—ՅՄ