«Արդար Հայաստանի» առաջարկը․ ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃ. ինչպե՞ս վերափոխել անմխիթար վիճակում գտնվող հանրային գոտին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

նոր

Հրազդանի կիրճը Երևանի կարևորագույն ռեսուրսներից է, որն այդպես էլ չի ծառայում իր նպատակին։

Կիրճի մեծ մասը դեռևս անբարեկարգ վիճակում է, իսկ առանցքային ու «Յուղոտ» հատվածները՝ ծառայում են առանձին անձանց մասնավոր շահերին։

Հրազդանի կիրճը պետք է դառնա հանրային օգտագործելի կանաչ տարածք՝ տարբեր տարիքի ու նախասիրությունների մարդկանց հանգիստն ապահովելու համար:

Այն կարող է բեռնաթափել Երևանի փոքր կենտրոնը՝ դառնալով գրավիչ ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների համար:

Տարիներ առաջ ճարտարապետ Ծիլա Ուզաթմաճյանը ներկայացրել է Հրազդան կիրճի՝ Կիևյան կամրջից մինչև Հաղթանակի կամուրջ ընկած հատվածի քաղաքաշինական վերակազմավորման նախագիծ։

Ճարտարապետը հինգ գոտուց բաղկացած գոտևորման նոր սխեմա է առաջարկել:

-Առաջին գոտին, որը մուտքային հանգույց է հանդիսանում և հարում է Հաղթանակի կամրջին, առաջարկվում է բարեկարգում կատարել և անֆիթատրոն տեղադրել՝ հաշվի առնելով հուշարձանների առկայությունը։

-Երկրորդ գոտուն տրվում է մարզական գործառույթ, քանի որ այն հարում է Հրազդան մարզադաշտի տարածքին: Այստեղ կարող են լինել մարզադաշտեր և մարզման հարթակներ:

-Երրորդ գոտին ընդգրկում է մանկական երկաթուղին, և այստեղ առաջարկվում է պահպանել գոյություն ունեցող նշանակությունը։

-Չորրորդ գոտին նախատեսված է ազատ հանգստի և զբոսանքի համար, որտեղ կարող են տեղադրվել բաց խաղահրապարակներ:

-Հինգերորդ գոտին հատկացվում է էքստրեմալ ստորտաձևերին, որոնց շատ հարմար են ռելիեֆի սուր անկումները:

Ճարտարապետն առաջարկում է փակել մեքենաների համար նախատեսված ճանապարհները, որպեսզի տարածքն ամբողջությամբ տրամադրվի հետիոտնին և հեծանվորդին՝ պահպանելով միայն շտապ օգնության և անվտանգության մեքենաների մուտքի հնարավորությունը:

Հանգստի գոտին քաղաքի մյուս մասերին հասանելի դարձնելու համար առաջարկվում է կառուցել ճոպանուղի, որը զարգացման հեռանկարներ կստեղծի ամբողջ քաղաքի մակերեսով:

Իսկ ճարտարապետ Աննա Խաչատրյանի նախագիծը վերաբերում է «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքի վերակառուցմանը:

2004 թվականից «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքը սպորտայինից վերածվել է խառը կառուցապատման գոտու, որտեղ տարիներ շարունակ տոնավաճառ է գործել:

Մարզադաշտի տարածքը կազմում է 14 հա և կից օժանդակ ընդհանուր օգտագործման տարածքները կազմում են 21 հա, որի 1.047 հա մակերեսը զբաղեցրել է տոնավաճառը:

Կից հասարակական գոտին կներառի ջրային հրապարակներ, կանաչ հարթակներ՝ այդ թվում՝ մանկական ժամանցի համար:

Ընդհանուր հեծանվային ուղին կկապի տարածքը քաղաքային ենթակառուցվածքներին:

Կիևյան կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ ընկած 2.5 կմ տարածքը ներառված չէ քաղաքային կյանքում, չկա ոչ մի վարչատնտեսական, մասնավոր կամ այլ կառույց:

«Արդար Հայաստան» կուսակցության համար ակնհայտ է, որ Հրազդանի կիրճը Երևանի ամենառազմավարական հատվածներից մեկն է, որի ամբողջական իրացման համար անհրաժշտ է ունենալ զարգացման հայեցակարգ։

Գնալու ենք այս ճանապարհով՝ նաև այսպես պատկերացնելով ու կառուցելով արդար Հայաստանը․․․

Երևանի ավագանու ընտրություններ 2023

--00--ԼՀ