ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Ադիյաման քաղաքում փետրվարյան երկրաշարժից հետո սոցիալական իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Ադիյամանում, որտեղ երկրաշարժի հետևանքով մահացել էր ավելի քան 11.000 մարդ, փլուզվել էր 24 դպրոց։ Երեխաների ուսուցման հարցում դա առաջացրել է լուրջ խնդիր, որն էլ 2023-ի ուստարվա մեկնարկից հետո ավելի է խորացել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Արդյունքում, ըստ սոցհարցման արդյունքների, պարզ է դարձել, որ աշակերտների միայն 62.8 տոկոսն է կարողանում շարունակել կրթություն ստանալ:
Խնդրին անդրադարձել է Թուրքիայի կրթության և գիտության ոլորտում աշխատողների արհմիության Ադիյամանի մասնաճյուղի քարտուղար Զեյնել Փոլաթը: Նա նշել է, որ քաղաքի կենտրոնում բավականաչափ դասընթացներ անցկացնելու համար չկան շենքային անհրաժեշտ պայմաններ, այդ պատճառով էլ օրինակ երկու տարբեր դպրոցներ ուսումնական գործընթաց կազմակերպելու նպատակով համատեղ օգտագործում են մեկ շենք: Փոլաթն ընդգծել է, որ դպրոցների կառուցման համար որևէ շինարարական աշխատանք դեռևս չի տարվում:
Բացի այդ արհմիության քարտուղարն անդրադարձել է մարդկանց բնակության վայրերի, տնապահովման, ուսուցիչների սակավության, մաքուր ջրի և ուտելիքի ապահովման, ինչպես նաև առաողջապահական խնդիրների՝ նշելով, որ դրանք դեռևս չեն լուծվել:
«Անհարաժեշտ է փլատակների մաքրումից հետո ջրամատակարարում ապահովել, սակայն դա էլ դեռևս անհրաժեշտ քանակությամբ չի իրականացվում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին (7.7 մագնիտուդ) երկրաշարժերի հետևանքով մահացել էր ավելի քան 50.000 մարդ:
--00—ԼՀ