ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան լրագրողների հետ հանդիպման ընթացքում մանրամասներ է ներկայացրել Ստամբուլի դատարանի մոտ տեղի ունեցած զինված հարձակումից հետո ձեռնարկված քայլերի մասին: Նա նշել է, որ արդեն իսկ իրականացվել են գործողություններ 25 հասցեում, որոնց հետևանքով ձերբակալվել է 40 անձ:
Տեղի ունեցածի առնչությամբ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) նախագահ Էբուբեքիր Շահինը։ Շահինը հայտնել է, որ տեղի ունեցածը լուսաբանելն արգելելու մասին որոշում է կայացվել:
Զինված հարձակումը տեղի էր ունեցել փետրվարի 6-ին Ստամբուլի Չաղլայան թաղամասում գտնվող դատարանի մոտ տեղակայված ոստիկանական անցակետի վրա: Նախնական տեղեկություններով՝ նշվում էր երկու անձի մասնակցությամբ իրականացված հարձակման մասին, որոնցից մեկը եղել էր տղամարդ, իսկ մյուսը՝ կին:
Ավելի ուշ Յերլիքայան հայտնել էր, որ զինված հարձակման ետևում կանգած է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամները:
Հիշեցնենք, որ հարձակման հետևանքով սպանվել է 1 քաղաքացի, վիրավորվել՝ 6-ը, որից 3-ը եղել է ոստիկան: Հարձակում իրականացնողները մահացել են տեղում՝ ոստիկանների կողմից ձեռնարկված կանխիչ գործողությունների արդյունքում:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ