Երևանում Մոսկվայի տանը տեղի ունեցան միջոցառումներ` նվիրված Պուշկինի 225-ամյակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

photo_2024-07-20_12-16-14

Ի պատիվ ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի ծննդյան 225-ամյակի, Երևանում տեղի ունեցան միջոցառումներ, որոնք կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում Մոսկվայի տունը:

Հոբելյանի առիթով կենտրոնի փոքրիկ այցելուների համար կազմակերպվել էր «ավազի անիմացիոն շոու», որի ընթացքում «Ammos» թատրոնի նկարչուհի Ամալյա Խուբլարյանը հանդիսատեսի աչքի առջև ավազի օգնությամբ ստեղծեց Ալեքսանդր Պուշկինի հեքիաթների հերոսներին` ծերունի ձկնորսին, ոսկե ձկնիկին, Դադոն թագավորին, Ոսկե աքաղաղին, Շամախանի թագուհուն…

«Ուրախ եմ, որ մեր փոքրիկ հանդիսատեսները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ավազով պատկերների ստեղծման գործընթացը: Մի բան է պրոֆեսիոնալ դերասանի ներկայացրած հեքիաթը լսելը, մեկ այլ բան՝ էկրանին հայտնված համապատասխան ավազի պատկերները տեսնելը: Ինչպես նկատեցի, սա շատերի համար նորություն էր։ Եվ երեխաները ներկայացումից հետո մոտեցան ավազով սեղանին և փորձեցին ինքնուրույն ինչ-որ բան պատկերել։ Կարծում եմ, որ միջոցառումը նրանց մեջ հետաքրքրություն առաջացրեց թե՛ ավազի անիմացիայի արվեստի, թե՛ Պուշկինի հեքիաթների նկատմամբ»,- մեզ հետ զրույցում ասաց «Ammos» թատրոնի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը։

Իսկ Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան. Անտոն Աղաջանյանը երեխաների համար ընթերցեց Պուշկինի հեքիաթներից և զվարճալի վիկտորինա անցկացրեց այդ թեմայով։ «Ես սիրում եմ աշխատել երեխաների հետ, խաղալ մանկական ներկայացումներում, և երբ ինձ առաջարկեցին կարդալ Պուշկինի հեքիաթները նրանց համար, ուրախությամբ համաձայնեցի: Եվ այսօր զարմացա, երբ տեսա, որ ի հեճուկս այն կարծիքի, որ այսօր երեխաները չեն կարդում և ծանոթ չեն դասականների ստեղծագործություններին, մեր փոքրիկ ունկնդիրները գիտեին և՛ «Ոսկե ձկնիկը», և՛ «Ոսկե աքաղաը» հեքիաթները, որոնք ներկայացվեցին ավազի անիմացիայի միջոցով։ Եվ հետո, նվեր ստանալով Ալեքսանդր Սերգեևիչի հեքիաթներով գրքեր, նրանք ուշադիր ուսումնասիրում էին դրանք: Իմ կարծիքով, շատ կարևոր է երեխաներին ծանոթացնել դասական ստեղծագործություններին, և այս միջոցառումը, վստահ եմ, կօգնի նրանց մեջ գրականության նկատմամբ հետաքրքրություն արթնացնել»,- մեզ հետ զրույցում կիսվեց Անտոն Աղաջանյանը։

Իսկ երեկոյան կենտրոնի ցուցասրահում տեղի ունեցավ «Պուշկինյան թեյախմություն», որի ընթացքում դերասանուհի, ռեժիսոր, դրամատուրգ, Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի դասախոս Դարյա Կազեևան հանդես եկավ Պուշկինին նվրված իմենաներկայացումով։ «Ես միշտ մեծ ուրախությամբ եմ ելույթ ունենում երևանյան հանդիսատեսի առջև, քանի որ տեսնում եմ խելացի աչքեր, լսում նրանց աշխույժ արձագանքը, մանավանդ որ այսօր նախատեսվածից գրեթե կրկնակի շատ մարդ էր եկել։ Սա նշանակում է, որ Երևանում Մոսկվայի տան այցելուները սիրում են պոեզիան, Պուշկինի ստեղծագործությունը և ընդհանրապես մշակույթը։ Ինչ վերաբերում է դահլիճում տիրող մթնոլորտին, ապա այն ուղղակի հիասքանչ էր»,- իր տպավորություններով կիսվեց Դարյա Կազեևան։

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ նաև դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Ռուբեն Կոզինը։ «Ես կատարեցի մի շարք գործեր, որոնք, իմ կարծիքով, համահունչ են Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությանը։ Դրանք չորս հատվածներն էին Պյոտր Չայկովսկու «Տարվա եղանակները» սիրելի ցիկլից։ Այս ընտրությունը բացատրվում է նրանով, որ եթե «Եվգենի Օնեգին» պոեմը, ինչպես հայտնի է, ռուսական կյանքի հանրագիտարան է, ապա « Տարվա եղանակները» այն ժամանակվա ռուսական երաժշտական ​​մշակույթի նկարագիրն է։ Ի դեպ, ինձ հաճելիորեն զարմացրեց լեցուն դահլիճը, չնայած ամառային արձակուրդներին։ Դա նշանակում է, որ երևանցիներն իսկապես սիրում են պոեզիան և երաժշտությունը»,- մեզ հետ զրույցում նկատեց դաշնակահարը։

«Երևանում Մոսկվայի տանը մշտապես անցկացվում են նմանատիպ միջոցառումներ՝ նվիրված ռուսաստանյան ականավոր գործիչների հոբելյաններին։ Հուսով ենք, որ այս երեկոյի շնորհիվ մեր հյուրերն էլ ավելի ծանոթացան Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությանը և հայտնաբերեցին նրա տաղանդի նոր ու անհայտ կողմերը»,- մեզ հետ զրույցում նշեց Երևանում Մոսկվայի տան միջոցառումների կազմակերպման գլխավոր մասնագետ Ծովինար Ամիրյանը։

--00—ՅՄ