Երևանում Մոսկվայի տանը նշեցին ռուսական Մասլենիցան և հայկական Բարեկենդանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

photo_2025-02-28_12-15-12

Ուրախ խաղեր, վարպետության դասեր, երգ ու պար, ինչպես նաև ավանդական հյուրասիրություն էր պատրաստել փետրվարի 27-ին Երևանում Մոսկվայի տունն իր փոքրիկ հյուրերի համար։ Այստեղ երկու օր շարունակ նշվում էր Մասլենիցան և Բարեկենդանը:

Այս տարի կենտրոնը կազմակերպել էր «Մասլենիցայի արվեստանոց. տոնակատարություն և ավանդույթներ» ծրագիրը, որի ընթացքում երեխաները կարողացան ծանոթանալ Մասլենիցայի և Բարեկենդանի տոնակատարության սովորույթներին, շատ նոր բաներ իմանալ և պարզապես զվարճանալ:

«Մասլենիցան և Բարեկենդանը ամենասիրված տոներից է Ռուսաստանում և Հայաստանում։ Դա ուրախության, հաղորդակցության և հյուրընկալության ժամանակահատված է, և մենք ցանկանում էինք այդ մթնոլորտը փոխանցել երեխաներին, ծանոթացնել նրանց մեր երկրների մշակույթին: ցույց տալ երկու ժողովուրդների ավանդույթները, ընդգծել նրանց նմանություններն ու ընդհանուր արժեքները։ Վստահ ենք, որ նման տոները կարևոր դեր են խաղում մատաղ սերնդի դաստիարակության գործում, ուստի նախատեսում ենք նման միջոցառումներ ավելի հաճախ կազմակերպել։ Սա կնպաստի սերունդների միջև կապի ամրապնդմանը և ավանդույթների պահպանմանը»,- մեզ հետ զրույցում ասաց Երևանում Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանը։

Միջոցառման ընթացքում երեխաները անիմատորների հետ մասնակցել են զվարճալի խաղերի ու մրցույթների, շուրջպար բռնել Մասլենիցայի տիկնիկի շուրջ։ Երեխաներին հատկապես հետաքրքեցին վարպետության դասերը, որտեղ նրանք սովորեցին պատրաստել տիկնիկներ, գլխազարդեր և տոնը խորհրդանշող արևի պատկերներ։

յհբ

«Մենք անցկացրեցինք հրաշալի տոնակատարություն, որը խորհրդանշում է հրաժեշտը ձմռանը և գարնան դիմավորումը, որը տոնում են թե՛ ռուսները, թե՛ հայերը։ Մեր հիմնական նպատակն էր երեխաներին ծանոթացնել մեր ժողովուրդների ավանդույթներին։ Պատահական չէ, որ սրահում ներկայացված են լուսանկարներ, որոնք պատմում են այս տոնի պատմության և առանձնահատկությունների մասին՝ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Երեխաներն ինձ հետ միասին պատրաստեցին տիկնիկներ, որոնք բնորոշ են մեր ժողովուրդների մշակույթին»,- մեզ հետ զրույցում ասաց դիզայներ և վարպետության դասի ուսուցչուհի Ելենա Կուրչավովան։

«Այսօր ես երկու բան պատրաստեցի՝ տիկնիկ, որը հնում պատրաստում էին Ռուսաստանում ու հայկական նախշերով գլխակազարդ։ Ինձ դուր եկավ ամեն ինչ՝ խաղերը, շուրջպարը, ինչպես նաև հյուրասիրությունը, հատկապես նրբաբլիթները: Առհասարակ ես շատ բան իմացա Մասլենիցայի և Բարեկենդանի մասին»,- մեզ հետ իր տպավորություններով կիսվեց Յարոսլավ Կորոբովը։

Հյուրերի համար պատրաստել էին նաև համերգային ծրագիր, որի ընթացքում ռուսական երգ ու պարով հանդես եկավ «Նանե» մանկական պարային ստուդիան։ 

Երեխաները նաև ծանոթացան «Մասլենիցա ոսպնյակի միջոցով. տոնը, որը մենք սիրում ենք» ցուցահանդեսին և մասնակցեցին քաղցր բամբակի պաըրաստման շոուին:

--00—ՅՄ