ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
Այսօր Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձն է, որով հռչակվեցին մեն վերանկախացած պետության ուղղությունը, իղձերն ու երազանքները, այն, փաստացի, դարձավ մեր պետության ծննդյան վկայականը։ Այս մասին այսօր ՀՀ Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձի կապակցությամբ հրապարակված տեսաուղերձի ընթացքում ասել է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Այն ծնվեց չափազանց ծանր պայմաններում, բայց սահմանեց մեր գոյության իրավունքը, խտացրեց մեր ազատության տեսիլքը։ Մեզ համար մեր պետությունը միակ բարձրագույն վայրն է, որը մենք ստեղծել ենք մեր ձեռքերով, մեր հազարավոր եղբայրների ու քույրերի կյանքի գնով՝ ցանկանալով հավատարիմ մնալ այն տեսլիքին, որն ունեցել են մեր նախնիները և որով ուրվագծել են մեր գալիքը։ », - այս մասին նշում է Բագրաստ Սրբազանը։
«Դժբախտաբար, այսօր մեր իսկ պետության մեջ կանգնած ենք առավել ծանր մարտահրավերների առջև, երբ գողացված են մեր պատիվը, մեր կենսագրությունը, մեր իղձերն ու երազանքները, երբ հանձնված է մեր հայրենիքը՝ Արցախ աշխարհը, երբ անվտանգ չեն մեր պետության սահմանները, երբ բոլոր առումներով խախտված են քաղաքացիների ապրելու իրավունքները, երբ հարցականի տակ է դրված Հայոց ցեղասպանության ճանաչումը, երբ ամբողջությամբ խախտված են թե Հռչակագրի, թե նրանից բխած մեր Սահմանադրության դրույթները, երբ չարիքի կողմից զավթված է մեր պետականությունը և վերջապես՝ թշնամու թելադրանքով ու պահանջով փորձ է արվում փոփոխության ենթարկել մեր Սահմանադրությունը, որը հայտարարված մասով վերաբերվում է Սահմանադրության նախաբանին ու դրանում եղած հղմանը՝ Անկախության հռչակագրին։
Փաստորեն, այսօր վերստին կանգնած ենք մեր համբուրելի պետությունը վերաանկախացնելու և վերաազատագրելու իրականության առջև։ Մենք պետք է հասկանանք, որ սեփական պետականություն ունենք և որ կոչված ենք այն դարձնելու մեր Ավետյաց երկիրը, մեր իղձերի և երազանքների իրացման և իրականացման սրբազան երկիրը՝ հայացքներս ուղղած մեր իսկ ժողովրդի հարազատ ներուժին, հոգևոր ու բարոյական հիմքերին՝ առանց դրսևի որևէ ուժի թելադրանքի կամ պարտադրանքի և կամ նրանցից ողորմություն մուրալու հոգեբանության, այլ արտաքին հարաբերություններում վերադառնալու կանխատեսելի և վստահելի գործընկերոջ կարգավիճակին։
Անկախության հռչակագրին համահունչ՝ մենք կոչված ենք սեփական՝ հայկական օրակարգով կրելու բոլոր պարտավորություններն ու պատասխանատվությունները, որ ենթադրում և թելադրում է ազատ և անկախ պետականություն ունենալու մեծ գաղափարը։
Մաղթում եմ, որ մեր պետությունը թե՛ ներսից, և թե՛ արտաքին մարտահրավերների առջև մնա խաղաղ և հաստատուն՝ հավատարիմ իր ճանապարհին և իր Աստծուն, և մենք կարողանանք ունկնդիր լինել աստվածային խոսքին՝, թե «դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծո ժողովուրդ, և ապրեք որպես ազատներ»։
Շնորհավոր մեր Անկախության հռչակագրի օրը և թող Աստված զորացնի Հայաստանի Հանրապետությունը և մեր ողջ ժողովրդին նոր հաղթանակների ու նոր կյանքի տեսլիքներով Հոգևոր Հայաստանի հաստատումով և հիմնադրումով մեր կյանքի նոր ճանապարհի մեջ։», - իր խոսքն ամփոփել է Սրբազան Հայրը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ