ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
Անկախության հասնելն անմահություն է․ Վեհափառի օրհնանքն եմ փոխանցում Հռչակագրի տարելիցի առթիվ։ Այս մասին այսօր կառավարության նիստերի դահլիճում ՀՀ Գերագույն խորհրդի՝ Անկախության Հռչակագրի 34-րդ տարեդարձին նվիրված պատգամավորների հավաքի ընթացքում ասաց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Որդիական խոնարհությամբ Ձեզ եմ փոխանցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնանքն ու շնորհավորանքը՝ Անկախության Հռչակագրի 34-ամյակի կակապկցությամբ։ Երբ մտովի տեղափոխվում ենք 1990 թվականի օգոստոս 23՝ այս դահլիճ, տեսնում ենք այն լեփ-լեցուն՝ Վազգեն Վեհափառի մասնակցությամբ, հուզված էր Հայոց Հայրապետը։ Անկախությունն ու անկախության հասնելը յուրատեսակ ու պատվաբեր պայքար է, դա անմահություն է։ Հայրապետը գիտեր՝ դա դժվար պայքար է, բայց եռակի անգամ դժվար է այն պահելը։ Պատիվ է նրանց համար, ովքեր այդ ճանապարհին կարողացան փայլուն կերպով այդ ծրագրերն իրականացնել, նաև՝ զոհվեցին հանուն անկախության», - իր խոսքում նշեց Սրբազան Հայրը։
«Հայի համար ամենից վեր անկախ ապրելն է, հայ ծնվելը՝ պատիվ է, կյանքը՝ պայքար, մեռնելը՝ հաղթանակ։ Մեր տղաները պատվով են կատարել այդ 34-ամյա գիծը՝ ինչպես Քրիստոս Խաչը ուսին բարձրացավ Գողգոթա, վկան նրանք են, ովքեր այսօր այստեղ են, ովքեր ի Տեր հանգչեցին և լույս թողեցին սերունդների համար։ Շնորհավորում ենք բոլորին և 1 րոպե լռությամբ ցանկանում ենք հիշել բոլոր նրանց, ովքեր այս ճանապարհին ի գին մեր հաղթանակի՝ նահատակվեցին», - խոսքը եզրափակեց Վրթանես եպիսկոպոսը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ