Իրանի նախագահն Իրաքում կոչ է արել ԵՄ-ի օրինակով ջնջել իսլամական երկրների միջև սահմանները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ն

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր իրաքցի գործընկեր Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Եվրամիության օրինակով ջնջել իսլամական երկրների միջև սահմանները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Նախագահը մատնանշել է երկու երկրների փոխհարաբերությունների վաղեմի պատմությունը և ընդգծել իսլամական երկրների միասնական միություն ստեղծելու անհրաժեշտությունը: Փեզեշքիանը կոչ է արել շարժվել իսլամական երկրների միջև սահմանները ջնջելու ուղղությամբ՝ հենվելով Եվրամիության փորձի վրա», - փաստաթղթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը: 

Իրանի նախագահի կարծիքով՝ իսլամական երկրների միասնության ամրապնդումն անարդյունավետ կդարձնի Արևմուտքի կողմից սահմանված բոլոր պատժամիջոցները։

Իրանի և Իրաքի միջև երկկողմ համագործակցության ոլորտում Փեզեշքիանը կոչ է արել կազմակերպել մասնագիտացված հանձնաժողովներ՝ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերն ընդլայնելու նպատակով։

Բաղդադից Իրանի նախագահը մեկնել է Էրբիլ, որտեղ հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահի և վարչապետի հետ։ Փեզեշքիանն այնուհետև կմեկնի Բասրա։ 

Փեզեշքիանի այցն Իրաք նրա առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է որպես Իրանի նախագահ:

 --00--ԼՀ