ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Նոյեմբերին Բաքում կայանալիք COP29 համաժողովին ընդառաջ մարդու իրավունքների պաշտպանության ու բնապահպանական տարբեր կազմակերպություններ ահազանգում են Ադրբեջանում առկա բնապահպանական, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ու շատ այլ խնդիրների մասին։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համաժողովին ընդառաջ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները, համաժողովին մասնակցող ութ հարյուրից ավելի միջազգային կազմակերպություններ, համալսարաններ, ակադեմիականներ իրազեկվում են Ադրբեջանում առկա մարտահրավերների վերաբերյալ, որոնք առնչվում են մարդու իրավունքներին ու բնապահպանական ոլորտին։
Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերի բռնի տեղահանության միջոցով Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը, հայկական պատմամշակութային ժառանգության վտանգված լինելը, Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների, ռազմագերիների ու Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անհապաղ ազատ արձակումը նախաձեռնության կարևոր հարցերի շարքում են։ Չնայած միջազգային դատապարտումներին, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի և Եվրախորհրդարանի կողմից, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային կոթողների ոչնչացումը շարունակվում է: Նախաձեռնության նպատակն է նաև ուշադրություն հրավիրել մարդու իրավունքներին վերաբերող լուրջ մտահոգություններին, որոնց մասին իրենց զեկույցներում մատնանշում են Freedom House-ի, Amnesty International-ի և Human Rights Watch-ի նման միջազգային համբավ ունեցող կառույցները։
Կարևորություն է տրվել նաև Ադրբեջանում խոսքի և լրատվամիջոցների ազատության խիստ սահմանափակված լինելուն, հարյուրավոր լրագրողների և ակտիվիստների, ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալություններին: Ոստիկանության կալանավայրերում խոշտանգումները և դաժան վերաբերմունքը տարածված են, և փոքրամասնությունները բախվում են խտրականության ու բռնության:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ