ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 23, 24News
Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը `Ջիմ ՄաքԳավերնի նախագահությամբ, ճանապարհ է բացել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ կատարված փոփոխության նախագծի համար՝ Արցախում մարդասիրական ականազերծման համար միջոցներ հատկացնելու վերաբերյալ: Դա կքննարկվի և կքվեարկվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում, գրում է «Արմենպրես»-ի՝ հղում անելով Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս փոփոխության հարցը քննարկել հինգշաբթի՝ հուլիսի 23-ին, քանի որ սկսում է 2021 թվականի հարկաբյուջետային տարվա արտասահմանյան օգնության օրինագծի քննարկումները: Այս նախագիծը կոչ է անում 1.4 մլն դոլարի օգնություն տրամադրել Արցախին՝ շարունակելու HALO Trust-ի՝ կյանքեր փրկող ականազերծման ջանքերը:
Փոփոխության այս նախագիծը ղեկավարվում է Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիերի և մի քանի ներկայացուցիչների կողմից, և աջակցություն է ստացել ավելի քան երեսուն անդամների կողմից:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր շնորհակալությունն է հայտնել հանձնաժողովի նախագահ ՄաքԳավերնին:
--00—ԼՄ