Կիևում ԱՄՆ դեսպանատունը փակվել է օդային գրոհի մասին հաղորդագրությունների պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

գգ.jp

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ նոյեմբերի 20-ին օդային հզոր գրոհի մասին հաղորդագրությունների պատճառով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ այս քայլը ձեռնարկվել է անվտանգության նկատառումներով։  

«Կիևում ԱՄՆ դեսպանատունը կոնկրետ տեղեկատվություն է ստացել նոյեմբերի 20-ին հնարավոր լայնածավալ օդային գրոհի վերաբերյալ: Զգուշավորությունից ելնելով՝ դեսպանատունը փակվելու է, իսկ դեսպանատան աշխատակիցներին հրահանգվում է ապաստանել տեղում։ Դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս օդային տագնապ հայտարարվելու դեպքում պատրաստ լինել անհապաղ պատսպարվելու», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 20-ին ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել են պայթյունների մասին Կիևում, Բրովարիում, Ժիտոմիրում, Պոլտավայում և Խարկովի մարզում։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի տվյալներով՝ Կիևի մարզում պայթյուններ են հնչել՝ կապված Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի հետ։

--00—ԼՀ