ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
Գիտնականները հերքել են անտիկ շրջանի հույն պատմիչ Հերոդոտոսի վարկածն այն մասին, թե հայերի նախնիները բալկանյան ծագում ունեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ American Journal of Human Genetics ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ գենետիկները կարդացել են 57 հայերի ԴՆԹ-ն՝ նրանց պոպուլյացիայի ժողովրդագրական պատմությունն ուսումնասիրելու նպատակով և հաստատել են դիտարկումներն այն մասին, որ ժամանակակից հայերին գենետիկորեն մոտ մարդիկ կովկասյան տարածաշրջանում ապրել են դեռ բրոնզի դարում:
Հոդվածում նշվում է, որ հայերի պատմությունը վաղուց գրավել է հետազոտողների ուշադրությունը։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք ունեն իրենց առաքելական եկեղեցին, այբուբենը և լեզուն, որը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղին:
«Անտիկ շրջանի հույն պատմիչ Հերոդոտոսի հաղորդումների շնորհիվ՝ վարկած է առաջացել, որ հայերի նախնիները Կովկաս են տեղափոխվել Բալկաններից և մասնավորապես Թրակիայից։ Այդ վարկածը հետագայում մատնանշվեց որոշ լեզվաբանների կողմից: Այնուամենայնիվ, ժամանակակից ապացույցները ցույց են տալիս, որ գենետիկորեն նման բնակչություն այս տարածաշրջանում ապրել է առնվազն բրոնզե դարում: Ավելին, ժամանակակից հայերի նախնիների մի զգալի մասը, ըստ ամենայնի, բնակվել է Հայկական լեռնաշխարհում դեռ նեոլիթյան դարաշրջանում»,- ասված է հոդվածում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ