Քովիդի գործով 21 անձի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է․ Pastinfo

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, 24News

դդ

Կորոնավիրուսի դեմ պայքարում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ գործով աղմուկը մարեց, գործի մի մասը դատարան ուղարկելուց հետո «մայր» գործը նախաքննական մարմնում դոփում է տեղում, խոշոր ձկներին իրավապահները հասանելիություն չունեն։

Հիշեցնենք, որ 2023թ․ մարտին իրավապահները նոր շունչ հաղորդեցին Արսեն Թորոսյանի պաշտոնավարման տարիներին կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում հայտնաբերված մի շարք չարաշահումներին առնչվող քրեական գործին։

Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների հիման վրա, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով գումարներ վատնելու կամ յուրացնելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ու մոռացության մատնվել ու 2023 թվականին հանկարծ հիշեցին այդ մասին` խուզարկություն կատարելով այդ պահին արդեն Երեւանի քաղաքապետի տեղակալ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում, որը նախկինում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում, եղել էր առողջապահության փոխնախարար։ Նա ձերբակալվեց, ապա՝ կալանավորվեց եւ ամիսներ անց ազատ արձակվեց։

Քրեական գործով, այդ օրերին, ձերբակալվել էր 11 անձ, որոնց թվում էին նաեւ «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ տնօրեն Բաբկեն Շահումյանը, «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանը, այլ բժիշկներ։ Քրեական վարույթից նախաքննության ընթացքում անջատվել է Գևորգ Սիմոնյանի, ինչպես նաև` Գևորգ Շահումյանի, Լիլյա Հակոբյանի մասը և ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան՝ ըստ էության քննության։ Նրանք մեղադրանքը չեն ընդունում, պաշտպանների գնահատմամբ՝ քրեական վարույթն անհիմն է։

Քրեական վարույթի մի մասով դեռևս նախաքննությունը շարունակվում է։ Ինչպես ավելի վաղ նշվել էր՝ թե՛ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, թե՛ ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանը գործով հարցաքննվել են վկայի կարգավիճակով:

 --00—ՍՊ