ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում օրեր առաջ բռնկված զանգվածային հրդեհները լիովին մարել չի հաջողվում, վտանգը շարունակում է արդիական մնալ՝ իրենց տները դեռևս չլքած բնակիչներրին ստիպելով կազմ ու պատրաստ լինել՝ ամեն վայրկյան տարհանվելու։
Լոս Անջելեսում բնակվող ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ այժմ վիճակը համեմատաբար կայուն է։ Կրակը կարծես հաջողվում է մարել գոնե խիտ բնակեցված վայրերում, սակայն անտառային տարածքներում դեռ կրկին բռնկվելու վտանգ կա։
«Մենք կարճ ժամանակով էվակուացվեցինք՝ մինչև օդի մաքրության համապատասխան մակարդակի վերականգնումը։ Փառք Աստծո, կարողացանք դիմակայել դժվարություններին… Այժմ առավել կայուն է իրավիճակը»,- մանրամասնեց դերասանը` ցավով նկատելով, որ ահարկու կրակը նաև մարդկանց կյանքեր է խլել։
«Բացի մարդկային զոհերից, ընկերներիցս շատերը կորցրել են ոչ միայն միլիոնավոր դոլլարների կարողություն, ինչն ի վերջո հնարավոր է նորից վերականգնել , այլ անդառնալիորեն կորցրել են իրենց անցյալի երջանիկ հիշողություններին կապող գրեթե ամեն իր. հիշատակ՝ մորից, զավակից, թոռից կամ ընկերներից… Շատերը հասցրել են վերցնել ընդամենը անձնագիրն ու մի քանի կարևոր փաստաթուղթ։ Ընկերներիցս ոմանք պատմում են, որ տարհանման ժամանակ կրակն այնքան հեռու է եղել, որ համոզված էին՝ իրենց տանը չի հասնի, բայց արի ու տես որ հաշված ժամերի ընթացքում կրակը հողին է հավասարեցրել ամեն ինչ… Նրանցից մեկը մեծ երաժիշտ է, և չի կարողանում իրեն ներել, որ իր հետ չի վերցրել իր վերջին նոտագրված երկու սիմֆոնիկ ստեղծագործությունները, որոնք գրվել էին երկու տարբեր ֆիլմերի համար»,- պատմեց Հովհաննես Բաբախանյանը։
Դերասանի բնութագրմամբ՝ աշխարհը խելագարության եզրին է․
«Մենք պետք է անդադր աղոթենք և ապաշխարելով խնդրենք Աստծուն, որ ների մեզ մեր գործած մեղքերի համար: Եթե ինձ հարցնեին «Ինչպես կապրեիր կյանքդ, եթե նորից ծնվեիր», ես կպատասխանեի. «Առհասարակ չէի ցավեցնի ոչ ոքի»: Թող ինձ ներեն բոլոր նրանք, ում կամա թե ակամա ցավ եմ պատճառել»,- մեզ հետ զրույցը եզրափակեց վաստակավոր արտիստը։
Գլենդելում բնակվող դերասան Նարեկ Ներսիսյանը շեշտեց՝ թեև կրակի բոցերն իրենց քաղաք չեն հասել, սակայն մեծ տարածություն ներգրաված հրդեհի հետևանքով օրեր շարունակ երկինքը ծխի մեջ էր, երկնքից, բառի բուն իմաստով՝ մոխիր էր թափվում։
«Ճիշտ է, Գլենդելն այդ առումով ապահով էր, բայց կան քաղաքներ, որոնք շատ են տուժել կրակից, թաղամասեր կան, որոնք մոխիրի են վերածվել։ Ալթադենայում, Փասադենայում և այլ տուժած քաղաքներում ապրող հայերը մեծ վնասներ են կրել, շատերն անտուն են մնացել։ Փասադենայում հայկական դպրոց է հիմնովին այրվել։ Քամիների պատճառով մեզ մոտ էլ հոսանքազրկումներ եղան, բայց այդքանով սահմանափակվեց մեր տուժելը։ Կա վարկած, որ հրդեհները մարդածին են։ Ոստիկանությունում արդեն իսկ բերման ենթարկվածներ կան»,- մանրամասնեց նա։
Նրա խոսքով՝ այս պահին համայնքն իր առօրյայով է ապրում՝ փորձելով վերադառնալ կյանքի բնական հուն։
Գլենդելում է ապրում նաև դերասան, երգիչ Ռազմիկ Մանսուրյանը, ով «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ափսոսանքով նկատեց՝ հրդեհի ճիրանում հայտնված քաղաքներում, Փասադենայի հարակից թաղամասերում վառվել է տների և բիզնեսների 60 տոկոսը։
«Մեկը մյուսի հետևից վառվեցին Հոլիվուդի սարերը, Մալիբու ծովափի սարերը և նրանց հարակից բիզնեսները։ Մի քանի միլիոն դոլարը գերազանցող տներ մոխրացան, այդ թվում՝ հայերի»,- ցավով պատմեց Ռազմիկ Մանսուրյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ