ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
Ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևը հաղթել է բրազիլացի Ռենատո Մոյկանոյին UFC 311 մրցաշարի գլխավոր մենամարտում, որը տեղի է ունեցել Ինգլվուդում (ԱՄՆ, Կալիֆոռնիա նահանգ), հայտնում է armsport.am-ը։
Մենամարտն ավարտվել է առաջին ռաունդում, երբ ռուսաստանցի մարտիկը հաջողությամբ խեղդող հնարք է կիրառել մեջքի վնասվածք ստացած մարտիկ Արման Ծառուկյանին փոխարինած Մոյկանոյի նկատմամբ։ Այսպիսով, Մախաչևը UFC-ի թեթև քաշային կարգում չորրորդ անգամ է պաշտպանել չեմպիոնի տիտղոսը։
Մախաչևի հաղթանակների թիվը UFC-ում հասել է 15-ի։ Անպարտելիությամբ Իսլամը երկրորդ տեղում է՝ հավասարվելով Կամարու Ուսմանին։
UFC-ում ավելի երկար հաղթանակների շարք ունեն միայն Անդերսոն Սիլվան (16) և Ջոն Ջոնսը (20):
Մախաչևը չեմպիոնի գոտին նվաճել է 2022 թվականի հոկտեմբերին՝ հաղթելով Չառլզ Օլիվեյրային։ Հետագայում նա հաղթել է Ալեքսանդր Վոլկանովսկուն երկու անգամ և 2024 թվականի հունիսին հաղթել Դասթին Պորյեին։
33-ամյա Մախաչևը խառը մենամարտերում ունի 27 հաղթանակ և մեկ պարտություն։ Մոյկանոյի ակտիվում կա 20 հաղթանակ, մեկ ոչ ոքի և վեց պարտություն։
Նշենք, որ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանի ներկայացուցիչ Էդուարդ Վարդանյանը պատմել էր մարզիկի ստացած վնասվածքի մասին, որի պատճառով չեղարկվել է նույն քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ նրա՝ հունվարի 19-ին նշանակված մենամարտը: Վարդանյանի խոսքով՝ ակտիվ մարզումների ժամանակ Ծառուկյանի մոտ մեջքի հետ կապված խնդիր է առաջացել:
--00—ԼՀ