Երևանում գողացել են «Range Rover», «BMW», «Mercedes» մեքենաների կողային հայելիները և գումար պահանջել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

photo_2025-01-26_09-20-59

Հունվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 35-ամյա Գրիգոր Գ․-ն և հայտնել, որ հունվարի 20-ին ժամը 04։00-ից մինչև 05։30-ն ընկած ժամանակահատվածում Տպագրիչների 5 հասցեի բակից գողացել են իր կողմից շահագործվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները և դիմապակուն թողել «Տելեգրամյան» հղում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ տեսուչ Աղաբեկյանի գլխավորությամբ։

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 20-ին ժամը 04։00-ից մինչև 05։30-ն ընկած ժամանակահատվածում Տպագրիչների 17 հասցեի բակից գողացել են Երևանի բնակիչ 39-ամյա Գրիգոր Մ․-ի կողմից շահագործվող «Range Rover» մակնիշի և Երևանի բնակիչ 36-ամյա Արագած Ա․-ի կողմից շահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիները և դիմապակիներին թողել «Տելեգրամյան» հղումներ պահանջելով գումար:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

--00—ՅՄ