ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Իսրայելական ուժերի կողմից իրենց տներ վերադարձող Լիբանանի հարավի բնակիչների գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորվել է 134 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարության հաղորդագրությունը:
Հունվարի 26-ին Իսրայելի Պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ իսրայելցի զինվորականները Լիբանանի հարավում նախազգուշական կրակ են բացել իրենց կողմը շարժվող «կասկածելի անձանց» ուղղությամբ։ Լիբանանի առողջապահության նախարարության կողմից հունվարի 26-ին հրապարակված տվյալների համաձայն՝ դրա հետևանքով զոհվել էր 22 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 124-ը։
Նոյեմբերի վերջին Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև կնքված հրադադարի համաձայնագրի համաձայն՝ իսրայելական բանակը պետք է Լիբանանի հարավը լքեր հրադադարի կնքումից 60 օր անց, սակայն Իսրայելի զինվորականները շարունակում են մնալ Լիբանանի հարավի բնակավայրերում՝ խոչընդոտելով բնակչության վերադարձն իրենց տներ։
Իսրայելի իշխանությունները բացատրել են, որ Լիբանանը դեռ չի կատարել իր բոլոր պարտավորությունները համաձայնագրի շրջանակներում, ուստի զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից չի հաջողվել ժամանակին ավարտել:
Միևնույն ժամանակ Լիբանանի բանակի ստորաբաժանումները Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահների հետ մեկտեղ իրականացրել են լայնածավալ գործողություն, որի ընթացքում պահակակետեր են տեղակայվել Իսրայելին սահմանակից 18 բնակավայրում։
Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել էր, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագրի գործողությունը երկարաձգվել է մինչև փետրվարի 18-ը։
--00—ԼՀ