ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
Հայաստանը պետք է գտնի Սյունիքում ճանապարհի հարցում Ադրբեջանին բավարարող քաղաքական լուծումներ, հակառակ պարագայում այնտեղ կունենանք նույն «Նոյեմբերի 9»-ի հայտարարության 9-րդ կետի կատարումը, բայց արդեն ռուս-թուրքական զորախմբի առկայությամբ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
Զինվորականը նաև անդրադարձել է այս պահին բանտերում գտնվող գեներալների՝ Տիրան Խաչատրյանի ու Միքայել Արզումանյանի խնդրին՝ ասելով, որ հրամանատարին չի կարելի դատել մարտական գործողությունների ժամանակ ընդունած որոշումների համար, որովհետև այդ պահին ու այդ տեղանքում ինքն ամենալավն է տիրապետում իրավիճակին։ «Մարտը դինամիկ երևույթ է, դու կարող ես որոշում կայացնել, սակայն ամեն ինչ միայն քեզնից կախված չէ, չի կարելի դատել հրամանատարներին որոշումների համար, վաղը հրամանատար չես ունենա, որ ուզենա պատասխանատվություն վերցնել», - ասել է Մովսես Հակոբյանն ու հավելել, թե «նորմալ չէ, երբ մի լեյտենանտ քննիչ գեներալին ասում է, թե քո որոշումները սխալ են»։
Գեներալ-գնդապետը նաև անդրադարձել է բանակի բարեփոխումներին՝ նշելով, որ տեղի ունեցածը բավարար չէ, չկան զորավարժություններ անգամ մարտական միավորների՝ գնդերի, գումարտակների մակարդակում։ «Եթե աշխարհի ամենալավ սպառազինությունն էլ ձեռք բերենք, ոչինչ չի նշանակում, քանի որ պետք են զորավարժություններ, որպեսզի այդ զենքերին ավելի լավ տիրապետենք։ Նույն «Ռադարները» եթե մարտական գործողության ժամանակ չեն շարժվում, տեղեկություն չեն փոխանցում կրակային առաջնագծին, ապա կանգնած տեղում իրենց անձնակազմի հետ միասին դառնում են թիրախ», - նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ