«Թող Նիկոլ Փաշինյանը թափանցիկ ասի իր կինն ինչքան գումար ունի». «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

aa

«Իրավունք» թերթը գրում է. «Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև պետության և եկեղեցու հարաբերություններին:

Դիտարկմանը, որ պետությունը հեռացել է եկեղեցուց, իսկ եկեղեցին կարևոր գործառույթ ունի սփյուռքում հայապահպանության համար, Փաշինյանն արձագանքել է. «Ես կարծում եմ, որ պետության և եկեղեցու հարաբերությունները մեծ նկարի մեջ, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն։ Որովհետև պետությունը պետք է չխառնվի եկեղեցու գործերի մեջ, եկեղեցին էլ՝ պետության»։

Փաշինյանի կարծիքով՝ եթե պետությունից բոլորը թափանցիկություն են պահանջում, ինչու եկեղեցին ևս չի կարող լինել թափանցիկ։ «Մենք ունենք պետությունում օրենսդրություն։ Մենք ասում ենք, երբ որ մի բան վաճառում ես, պետք է տաս ՀԴՄ կտրոն, որը օրենք է։ Հարց է, իսկ եթե վաճառում ես մոմ, ինչի՞ պետք է չտաս ՀԴՄ կտրոն»,- նշել է Փաշինյանը։ 

Սյունյաց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանը անդրադառնալով վերը նշվածին նկատեց. «Թող Նիկոլ Փաշինյանը թափանցիկ ասի իր կինն ինչքան գումար ունի, իր երեխաները ինչքան են ծախսում օրական, ոչ թե մարդկանց գրպանները մտնի։ Ոչ մի եկեղեցական հարուստ չէ, ի տարբերություն Նիկոլի նախարարների, թող գնա իրենց գումարները հաշվի ու հեռու մնա եկեղեցուց»:

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ ՄԻՔԱՅԵԼ արքեպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆԸ, անդրադառնալով վերը նշվածին, նկատեց. «Փաշինյանը թող ցույց տա գեթ մի երկիր, որտեղ եկեղեցին ՀԴՄ-ով մոմ է վաճառում, իսկ մնացածը նշանակում է բորբոքված ուղեղի արգասիք։ Չկա մի երկիր, որտեղ ծիսական ապրանքների վաճառքը ՀԴՄ-ով լինի կամ հարկվի։ Անգամ Սովետական Միության ժամանակ մոմավաճառությունը չի հարկվել։

Ինչ վերաբերում է եկեղեցու թափանցիկ լինելուն, ապա ՀԴՄ տալով չէ, որ պետք է թափանցիկ լինենք։ Եկեղեցին իր ծառայությամբ ու առաքելությամբ է թափանցիկ։ Բա խոստացել է իր՝ կոռումպացված հոգեւորականներին պետք է բացահայտես, գտա՞ր գեթ մի կոռումպացված հոգեւորականի:

Թե՞ գտել ես, բայց մեծահոգաբար խնայում ես: Ամոթ է, դադարեցրեք այդ մարդու ասածները քննարկելի»:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ