ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հակակոռուպցիոն կոմիտեում մի շարք քրեական գործեր են քննվում ՊՆ-ին առնչվող։ Դրանցից մեկը վերաբերում է 10 ձնագնացների ձեռքբերմանը։ Բանն այն է, որ ՊՆ-ն եվրոպական արտադրության ձնագնացներ է գնել շուկայական արժեքից մի քանի անգամ թանկ գնով։ Նույն ձնագնացներից, բայց անհամեմատ ավելի ցածր գնով և փոքր քանակությամբ՝ ընդամենը 2 հատ, ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ձնագնացների ձեռքբերման հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել։
Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանին, որը համակարգում է մատակարարումների ոլորտը, հարցրեցինք ձնագնացների մասին, քանի որ սա ամենակարճ ճանապարհն էր տեղեկությունները ճշտելու։ Սակայն նա շնորհավորեց մեր բանակի տոնը և հորդորեց իրեն նամակ գրել, խոստանալով, որ կպատասխանի բոլոր հարցերին, եթե դրանք գաղտնիք չեն պարունակում։ Հակակոռուպցիոն կոմիտեի մեր աղբյուրը հաստատեց՝ այո, նման վարույթ կա, բայց այն հարուցվել է ոչ թե վերջերս, այլ 2024 թվականին։
Վարույթներից երկրորդն առնչվում է Պաշտպանության նախարարության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացում տեղի գտած թերացումներին։ Այս գործով 7 մեղադրյալ կա, որոնց մեծ մասը կալանքի տակ են։ Պարզվում է, մեծ չարաշահումներ են եղել` կապված բետոնապատման աշխատանքների հետ։ Շրջանառվում է ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանի անունը, որը սերտորեն աշխատել է կապիտալ շինարարության վարչության նախկին պետի՝ Վահագն Ստեփանյանի հետ։ Ստեփանյանը համակարգում նախարար Պապիկյանի մարդկանցից էր համարվում, վերջերս ազատվել է աշխատանքից։
Մեզ որոշ մանրամասներ հայտնի դարձան այս գործից։ Պարզվում է, Ջերմուկի հատվածում մի մասնավոր շինարարական կազմակերպություն, որի անունը ճշտվում է, բանակի պատվերով ճանապարհ է սարքել, և ԳՇ պետի տեղակալ Գրիգորյանը պահանջել է N զորամասի հրամանատարությունից թղթեր ստորագրել և ընդունել շինարարությունը։ Թիկունքի պետն ու նրա տեղակալը հրաժարվել են ընդունել շինարարների աշխատանքը, ասելով, որ այդ ճանապարհը խայտառակություն է և կատարված աշխատանքը չի համապատասխանում այն գումարներին, որոնք դրա դիմաց վճարվել են։ Բնականաբար, սա դուր չի եկել բանակի ղեկավարությանը։ Թիկունքի պետն անմիջապես անցանկալիների դասն է անցել, իսկ նրա տեղակալին ազատել են աշխատանքից, պատճառաբանելով, թե լրացել է նրա պայմանագրի ժամկետը։ Ավելի ուշ պարզեցինք, որ ազատվածը Գրենիկ Պապոյանն է։
Այսինքն, շինարարներն ու մատակարարները պաշտպանության նախարար Պապիկյանի համար ավելի են արժեւորվում, քան զինվորականները, և նրանց խաթրին կպչելը հղի է ծանր հետևանքներով։
Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նմանատիպ միջադեպ եղել է նաև Երկրորդ բանակային կորպուսի հատվածում։ Երկրորդ բանակայինի հրամանատար Գարեգին Պողոսյանը եւս հրաժարվել է անօրակ շինարարություն ընդունել, սակայն միջադեպը հետագայում հարթվել է։ Տեղեկություն ունենք նաև, որ անորակ շինարարության մասին լուրերը հասել են Փաշինյանին և առնվազն երկու կառույց՝ Հակակոռուպցիոն կոմիտեն և ԱԱԾ-ն այժմ «նստած են ՊՆ-ի վրա»` ինտենսիվ ստուգումներ են իրականացվում, սակայն մեծ խախտումներ չեն գտնում, քանի որ թե մատակարարները, թե պատիրատուն շատ «գրագետ» են աշխատել։
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։
--00—ՍՊ