ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ փետրվարի 20-ից հանրապետության ողջ տարածքում ՆԳՆ Փրկարար ծառայությունն ու Ոստիկանությունն անցան ուժեղացված ծառայության։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Մի շարք ճանապարհահատվածներին ՆԳՆ ենթակա ծառայությունները պարբերաբար իրականացրել են շրջայցեր, սահմանվել են հերթապահություններ՝ անհրաժեշտության դեպքում վարորդներին օգնություն ցուցաբերելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Երկու օրում փրկարարներն ու ոստիկանները արգելափակումից դուրս են բերել 1,430 տրանսպորտային միջոց, օգնություն են ցուցաբերել 2,889 քաղաքացու։
Համագործակցելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի, տեղական ինքնակառավարման մարմինների և ճանապարհները սպասարկող ընկերությունների հետ՝ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները աջակցել են նաև ձնամաքրման աշխատանքներին։
Փետրվարի 20-ից 21-ը հանրապետությունում արձանագրվել է 578 ճանապարհատրանսպորտային պատահար, մարմնական վնասվածքներ է ստացել 35 քաղաքացի։ Տեղումների պատճառով արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհեր չկան։
Սիրելի՛ քաղաքացիներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն և խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ