Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա առաջին ամսում աճել է 7.1 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

8861cf4e4fb3a0d15b7b1f1b6c048e14

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025-ի հունվարին 2024-ի հունվարի նկատմամբ աճել է 7.1 տոկոս, իսկ նախորդ ամսվա՝ դեկտեմբերի նկատմամբ նվազել է 45.3 տոկոսով: Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է 10.4 տոկոսով: Շինարարության ծավալն ավելացել է 11.6 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 9.9 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 12.6 տոկոսով:

2025 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ սպառողական գների ինդեքսն աճել է 1.7 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն ավելացել է 2.8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է 7.8 տոկոս աճ:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվարին 2024-ի հունվարի համեմատ նվազել է 40 տոկոսով: Ընդ որում՝ արտահանումը նվազել է 49.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 33.5 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվարին կազմել է 397.89 դրամ:

--00—ՅՄ