ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Եվրամիությունը պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ուկրաինական «Օբշչեստվեննոյե» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ (ԱՄՆ) նախագահ Թրամփը նոր էներգիա է բերել…. Հուսով եմ, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկկողմ բանակցությունները կարող են դուռ բացել արդար, համապարփակ և տևական խաղաղության համար…. Եթե ցանկանում ենք, որ բանակցությունները լինեն հաջող և վստահություն ունենան, մենք պետք է բանակցություններ վարենք Ուկրաինայի և Եվրամիության հետ միասին», - ասել է Կոշտան։
Նրա խոսքով՝ դա պայմանավորված է Կիևի համար անվտանգության երաշխիքների տրամադրման գործում Եվրոպայի երկրների մասնակցությամբ։
«Եվրոպան, ԵՄ տարբեր անդամներ, ինչպես նաև այլ եվրոպացի գործընկերներ, ինչպիսին է Մեծ Բրիտանիան, պատրաստ են մասնակցելու (Ուկրաինայի համար) անվտանգության երաշխիքների (տրամադրմանը) ԱՄՆ-ի աջակցությամբ: Եվ դրա համար անհրաժեշտ է, որ եվրոպացի գործընկերները մասնակցեն բոլոր բանակցություններին», - պարզաբանել է նա։
Ընդ որում, Եվրոպական խորհրդի ղեկավարը չի հստակեցրել, թե ինչ քայլերի ու օժանդակության միջոցների մասին է խոսքը։
«Ես Եվրոպայի ղեկավարներին մարտի 6-ին հրավիրել եմ հանդիպման՝ քննարկելու, թե ինչպես ավելացնենք մեր օգնությունն Ուկրաինային և ինչպես նախապատրաստվենք անվտանգության երաշխիքներին ապագա հնարավոր մասնակցությանը», - ասել է նա։
Կոշտայի խոսքով՝ Բրյուսելն ակնկալում է, որ Թրամփի վարչակազմի օրոք Եվրամիությունը կպահպանի դաշնակցային արդյունավետ հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։
--00--ԱՀ