Թրամփի վարչակազմը դադարեցնում է USAID-ի արտաքին օգնության պայմանագրերի 90%-ը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ դադարեցնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) արտաքին օգնության պայմանագրերի մոտ 90%-ը, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, 60 միլիարդ դոլարի ամերիկյան օգնությունն ամբողջ աշխարհում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը, որի տրամադրության տակ են հայտնվել համապատասխան փաստաթղթերը։

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ վարչակազմի կողմից հայտարարված կրճատումների պատճառով ԱՄՆ ՄԶԳ-ի շատ քիչ ծրագրեր կշարունակեն գոյությունը։ Փաստաթղթերում նշվում է, որ նախատեսվում են ավելի շատ փոփոխություններ այն հարցի շուրջ, թե ինչպես են ԱՄՆ ՄԶԳ-ն և Պետքարտուղարությունը բաշխում արտաքին օգնությունը։ Դրա նպատակն է «հարկատուների գումարներն օգտագործել ավելի խելամիտ կերպով՝ առաջ տանելու ամերիկյան շահերը»։ 

Հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո արտաքին օգնության կասեցման պատճառով դադարեցվել են արտերկրում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող հազարավոր ծրագրեր, ԱՄՆ ՄԶԳ-ի աշխատակիցների մեծ մասը հեռացվել է աշխատանքից։ 

USAID-ի միջոցով բաշխվող օտարերկրյա օգնության տրամադրումը դադարեցնելու պատճառով մի խումբ ոչ առևտրային կազմակերպություններ դատական հայցեր են ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ։ Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ժամանակ էր տվել մինչև փետրվարի 26-ի ժամը 23:59 արտաքին օգնության տրամադրումը վերսկսելու համար, սակայն Գերագույն դատարանը ժամանակավորապես կասեցրել է այդ որոշումը:


--00--ԱՀ