ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Մարտի 6-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամոլության ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս և համագործակցելով ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկների հետ, համատեղ Բաղրամյան պողոտայից ապօրինի թմրանյութ ձեռք բերելու պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 33-ամյա Արմենուհի Հ.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս եղել է «Honda» մակնիշի ավտոմեքենայով։ Արդեն տեղում կասկածյալը ենթարկվել է անձնական խուզարկության և կրծքկալի միջից հայտնաբերվել է փաթեթ՝ կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման զանգված, որը նման է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի։
Գ. Շամշյանի տեղեկություններով, դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
--00—ՅՄ