Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը՝ վրան Գյումրու սև տուֆ ամրացված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

310477

Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 (Friedrich-Ebert-Strasse 27) հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը, որը կրում է «Ինքնություն» խորագիրը (ճարտարապետ-դիզայներ՝ Հակոբ Իսկուդարյան, քանդակագործ՝ Ռուբեն Նալբանդյան):

Ինչպես հայտնում են նախարարությունից, արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը։

Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է նշված հասցեում։ Հուշատախտակը տեղեկատվություն է ներկայացնում բանաստեղծի լայպցիգյան տարիների մասին՝ միաժամանակ փաստելով, որ Իսահակյանը Յոհաննես Լեփսիուսի, Յոզեֆ Մարկվարտի հետ միասին եղել է հայ-գերմանական ընկերության հիմնադիրներից:

Հուշատախտակին ամրացված է նաև Գյումրու սև տուֆը՝ որպես հայկականության խորհրդանիշ, որը շատ է սիրել Իսահակյանը․ նրա երևանյան տունը ևս կառուցված է այդ տուֆից:

Հուշատախտակի վրա կա QR կոդ, որով մարդիկ կարող են դիտել Իսահակյանի և Գերմանիայի առնչությունների մասին գերմաներեն տեսանյութ:

Հուշատախտակը բացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, Լայպցիգի քաղաքապետարանի, Լայպցիգի Հայ Մշակութային Միության և Երևանի Գյոթե կենտրոնի հետ համագործակցությամբ։

--00—ՅՄ