Թուրքմենստանը մեծ կարևորություն է տալիս տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության խորացմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

.

Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Բաթիր Ամանովը հայտարարել է, որ Աշխաբադը մեծ կարևորություն է տալիս Երևանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության և գործընկերության զարգացմանն ու խորացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին թուրքմեն պաշտոնյան հայտարարել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ընթացքում։

Նա հայտարարել է, որ Թուրքմենստանը կարևոր նշանակություն է տալիս նաև տնտեսական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ 

«Ցանկանում եմ նշել, որ միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստից հետո հայ-թուրքմենական կապերն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում ավելի են խորացել։ Թուրքմենստանի ռազմավարությունն ուղղված է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ գործընկերության հետագա խորացմանը»,-նշել է Ամանովը։

Նա նաև շեշտել է, որ Հայաստանի ու Թուրքմենստանի միջև տարբեր ոլորտներում առկա գործընկերային հարաբերությունների մասշտաբը և մակարդակը հետզհետե աճում են։

«Թուրքմենստանից Հայաստան արտահանվող հիմնական ապրանքները տեքստիլ ապրանքներն ու թեթև արդյունաբերական արտադրանքներն են։ Հայաստանից Թուրքմենստան հիմնականում արտահանվում են քիմիական արդյունաբերության, դեղագործական արտադրության ապրանքներ, գյուղատնտեսական ապրանքներ, ինչպես նաև թանկարժեք մետաղներ»,-նշել է Ամանովը՝ վստահություն արտահայտելով, որ Հայաստանն ու Թուրքմենստանն ունեն բոլոր հնարավորությունները՝ մեծացնելու փոխադարձ առևտրաշրջանառության ծավալները։

Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալը նաև մատնանշել է, որ երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ զարգանում են նաև հումանիտար ոլորտներում, այդ թվում՝ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի ոլորտներում։ 

Նա նաև հայտնել է, որ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կան թուրքմեն ուսանողներ։ 

Բատիր Ամանովն իր խոսքում ընդգծել է նաև հայ և թուրքմեն գիտնականների միջև համագործակցությունն ու գործընկերությունը մասնավորապես սեյսմոլոգիայի, ֆիզիկայի ոլորտներում։ 

--00--ԱՀ